🪖 102-րդ ռազմաբազա․Ի՞նչ է այն, ինչպե՞ս է ձևավորվել, ինչպիսի՞ իրավական կարգավիճակ ունի, և ինչպիսի՞ միջադեպեր են արձանագրվել 1992 թվականից մինչ օրս:
❓Ի՞նչ է 102-րդ ռազմաբազան102-րդ ռազմաբազան ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումն է, որը տեղակայված է ՀՀ տարածքում և գտնվում է ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարության ենթակայության տակ: Բազայի պաշտոնական ամբողջական անվանումն է՝ Ալեքսանդր Նևսկու շքանշանակիր 102-րդ ռուսաստանյան ռազմաբազա։
Այն ձևավորվել է նախկինում Հայաստանի տարածքում տեղակայված խորհրդային 7-րդ բանակի 127-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հիմքի վրա, որի բազավորման վայրը Լենինականն էր (Գյումրի):
📍Տեղակայումը և կառուցվածքըՌազմաբազայի ստորաբաժանումները տեղակայված են երկու հիմնական հանգույցներում՝ Գյումրիում ու Երևանում։
Գյումրի — Այստեղ են գտնվում ստորաբաժանումների մեծ մասը, շտաբը, ռազմական ենթակառուցվածքների մի զգալի մասը:
Երևանի «Էրեբունի» օդանավակայան — Այստեղ տեղակայված է 3624-րդ ավիաբազան («ՄիԳ-29» կործանիչներ, «Մի-8» և «Մի-24» ուղղաթիռներ):
Ռազմաբազայի անձնակազմի թվաքանակը, տարբեր գնահատականներով, 3000-5000 է։
✍🏻 1995 թ. պայմանագիրԽՍՀՄ փլուզումից հետո՝ 1992-ի օգոստոսի 21-ին, Հայաստանն ու Ռուսաստանը պայմանագիր էին ստորագրել ՀՀ տարածքում ՌԴ զինված ուժերի իրավական կարգավիճակի մասին:
1995 թ. մարտի 16-ին էլ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՌԴ նախագահ Բորիս Ելցինի կողմից ստորագրվել է
«ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» միջպետական պայմանագիրը, որը 102-րդ ռազմաբազային առնչվող հիմնական իրավական փաստաթուղթն է։ Սրա հիման վրա ՀՀ տարածքում գտնվող ՌԴ զինված ուժերի զինվորական կազմավորումները 1995 թ․ ընթացքում վերածվել են ռազմակայանի/ռազմաբազայի։
📌 1995-ին սահմանվել էր, որ ՀՀ տարածքում 25 տարով (մինչև 2020 թ․) տեղակայվող ռազմաբազան ոչ միայն պաշտպանում է ՌԴ շահերը, այլև ՀՀ զինուժի հետ համատեղ ապահովում է ՀՀ անվտանգությունը՝ նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով։ Այսինքն՝ ռազմաբազայի առաքելությունը Թուրքիայից և Իրանից եկող հավանական ռիսկերը կանխելն էր։
🔻2010 թ. Թիվ 5 արձանագրությունը2010 թ․ օգոստոսի 20-ին Երևանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստորագրվեցին 1995 թ. պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 արձանագրությունը, որով.
Տեղակայման 25-ամյա ժամկետը դարձավ 49 տարի (հաշվարկված 1995-ից)՝ երկարաձգվելով մինչև 2044 թվականը:Հանվեց
«նախկին ԽՍՀՄ արտաքին սահմանով» ձևակերպումը. Ռուսաստանը ստանձնեց ՀՀ ամբողջ տարածքի անվտանգության համատեղ ապահովման պարտավորություն:
📌Այսինքն՝ ռազմաբազան կարող էր նաև կիրառվել Ադրբեջանի և ցանկացած այլ երկրների դեմ, որոնք կարող էին սպառնալ ՀՀ անվտանգությանը։
👇🏻Իրավախախտումների քննության կարգավորումըԵրկկողմ համաձայնագրերով սահմանված են ռազմաբազայի անձնակազմի մասնակցությամբ իրավախախտումների քննության իրավական սկզբունքները.
ՌԴ իրավասություն. Ռազմաբազայի տարածքում կամ ծառայողական պարտականությունները կատարելիս կատարված հանցագործությունները քննում են ՌԴ իրավապահ մարմինները:
ՀՀ իրավասություն. Ռազմաբազայի տարածքից դուրս և ծառայողական պարտականությունների հետ չկապված հանցագործությունները ենթակա են ՀՀ իրավապահ և դատական համակարգի իրավասությանը:
🚨102-րդ ռազմաբազայի տեղակայման տարիներին (1995-ից) արձանագրվել են անվտանգային և քրեական մի շարք միջադեպեր, որոնք ստացել են հանրային հնչեղություն և դարձել իրավական քննության առարկա։Այս դեպքերը էական ազդեցություն են ունեցել Հայաստանի և Ռուսաստանի միջև իրավասության կիրառման, դատավարական ընթացակարգերի և ռազմական անվտանգության կանոնակարգերի հստակեցման վրա։
🔻1999 թ. Գյումրու շուկայի կրակոցները1999 թ. ապրիլի 14-ին 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայողներ՝ Դենիս Պոպովը և Արտյոմ Կամենևը, զենքով լքել էին զորամասը և Գյումրու շուկայի տարածքում անկանոն կրակ բացել քաղաքացիների ուղղությամբ:
Միջադեպի հետևանքով զոհվեց 2 քաղաքացի, մոտ մեկ տասնյակն էլ ստացան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ՀՀ դատարանը Դենիս Պոպովին դատապարտեց 14 տարվա, իսկ Արտյոմ Կամենևին՝ 15 տարվա ազատազրկման: Հետագայում դատապարտյալները փոխանցվել են Ռուսաստանին։
🔻2003 թ. միջադեպը ռազմաբազայի տարածքում2003 թ․ հուլիսի 11-ին միջադեպ տեղի ունեցավ ռազմաբազայի տարածք մուտք գործելու փորձի ընթացքում:
Գյումրու մի խումբ բնակիչների և ռազմաբազայի հերթապահ անձնակազմի միջև բախման ժամանակ կիրառվեց հրազեն, ինչի հետևանքով սպանվեցին Գյումրու երկու բնակիչներ՝ Արմեն Արոյանը և Արթուր Պողոսյանը: Եվս 2 հոգի վիրավորվեց։ Դեպքից հետո ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Տիտովն ազատվեց զբաղեցրած պաշտոնից:
🔻2013 թ. Վահրամաբերդի ողբերգությունը
2013 թ․ ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի մոտ գտնվող՝ 102-րդ ռազմաբազայի տանկային հրաձգարանի տարածքում տեղի ունեցավ պայթյուն:
Գյումրի քաղաքի երկու բնակիչներ՝ 12-ամյա Արթուր Մկրտչյանը և 16-ամյա Մուշեղ Գևորգյանը, չսահմանազատված հրաձգարանի տարածքում հայտնաբերված ականի պայթյունի հետևանքով տեղում մահացան: Միջադեպի վերաբերյալ քննությունն իրականացրել է ՌԴ քննչական կոմիտեն (քանի որ հրաձգարանը համարվում է ռազմաբազայի տարածք), սակայն մեղադրյալների ներգրավման մասին տեղեկություններ չկան։
🔻2015 թ. Ավետիսյանների ընտանիքի սպանությունը2015 թ․ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցավ 102-րդ ռազմաբազայի պատմության մեջ ամենածանր հանցագործությունը:
Ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ապօրինաբար զենքով լքել էր զորամասը, ներթափանցել Ավետիսյանների տուն և սպանել ընտանիքի 7 անդամներին, այդ թվում՝ երկու մանկահասակ երեխաների: Պերմյակովը ձերբակալվեց հայ-թուրքական սահմանի մոտ գտնող Բայանդուր գյուղում: ՀՀ դատարանի կողմից նա դատապարտվեց ցմահ ազատազրկման (ոչ զինվորական բնույթի հանցագործությունների մասով), իսկ ՌԴ դատարանի կողմից՝ 10 տարվա ազատազրկման (զինվորական բնույթի հանցագործությունների մասով)։ 2017 թ․ պատժի հետագա կրման համար Պերմյակովը փոխանցվել է Ռուսաստանին։
🔻2018 թ. Փանիկ գյուղի միջադեպը2018 թ․ հուլիսի 17-ին Շիրակի մարզի Փանիկ գյուղի տարածքում 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները ռազմական տեխնիկայով իրականացրել են զորավարժություններ, հնչել են հրազենի կրակահերթեր:
Զորավարժություններն անցկացվել են առանց տեղական իշխանություններին և բնակչությանը նախապես տեղեկացնելու, ինչը խուճապ է առաջացրել գյուղի բնակիչների շրջանում: Ռազմաբազայի հրամանատարությունը հետագայում պաշտոնապես ներողություն խնդրեց տեղի ունեցածի համար:
🔻2018 թ. Ջուլիետա Ղուկասյանի սպանությունը2018 թ․ դեկտեմբերի 2-ին Գյումրիում դաժան ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացավ 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանը:
Սպանության կասկածանքով դեպքից 8 օր անց՝ դեկտեմբերի 10-ին, ձերբակալվել է 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Անդրեյ Ռազգիլդեևը: Գործի քննությունն ու դատական վարույթն իրականացրել է հայկական կողմը։ Միջադեպից 7 տարից անց՝ 2025-ի դեկտեմբերին, ՀՀ դատարանը Ռազգիլդեևին դատապարտել է 7.5 տարվա ազատազրկման։ Ռազմաբազայի տարածքում պահվող զինծառայողը տեսակապով է մասնակցել իր դատավարությանը։ Ռազմաբազայի հրամանատարությունը հրաժարվել է նրան դատարան բերել՝ պատճառաբանելով, թե Ռազգիլդեևի անվտանգությունը երաշխավորված չէ։
❗️Ի՞նչ են ասում Պուտինն ու Փաշինյանը 2026 թ․ սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսաստանյան ռազմաբազայի կարիքն այլևս չկա, ՌԴ-ն պատրաստ է
«թեկուզ վաղը հեռանալ»։ Ի պատասխան՝ սեպտեմբերի 3-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ թեև հարցը ՌԴ նախագահի հետ չի քննարկվել, եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել բազան, հայկական կողմը
«չի առարկի»։ Չնայած այս հրապարակային հայտարարություններին՝ կողմերից և ոչ մեկը պայմանագիրը դադարեցնելու պաշտոնական իրավական գործընթաց չի նախաձեռնել, և միջպետական պայմանագիրը շարունակում է գործել։ը