Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն ամփոփել է Վրաստանի Բաթումի քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության արդյունքները:
«Չեմ կարծում, որ կգտվեն մարզիչներ, որոնք իրենց իսկ աշխատանքը կգնահատեն լավ կամ գերազանց: Աշխատելու շատ տեղ ունենք ու պետք է ավելին անեինք: Եթե չլիներ Աննա Ամրոյանի անհաջողությունը, ապա թիմային հաշվարկում մենք կլինեինք առաջին տեղում: Այժմ երրորդն ենք: Ընդհանուր առմամբ ունեցանք 7 մեդալ: Կարելի է աշխատանքը բավարար համարել»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Բաթումում լրագրողների հետ զրույցում ասաց Ներսիսյանը:
Վերջինիս խոսքով` իր ներկայիս մեդալներից առավել բարձր հարգի մեդալ կարող էր նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը: Մարզիչն ընդգծեց, որ իր համար մեծ ձեռքբերում կլիներ, եթե թիմն անցած տարվա պես թիմային հաշվարկում առաջինը լիներ: