Մարտի 10-13-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերը վարելու հրավիրվեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
Ավստրիայի Սանկտ-Փյոլթըն քաղաքում 2026թ․ փետրվարի 17-19-ին գումարված եպիսկոպոսական հավաքի մասին զեկուցեց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։
ԳՀԽ-ն գոհունակությամբ արձանագրեց, որ հավաքին մասնակից եպիսկոպոսները աղոթական միության մեջ քննարկել են Հայոց Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերները, Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա վիճակը, ինչպես նաև Եկեղեցու առաքելության արդյունավորմանն առնչվող հարցեր և ձևակերպել են մի շարք առաջարկություններ՝ ի նպաստ Եկեղեցու կյանքի կազմակերպման ու առկա խնդիրների հաղթահարման։ ԳՀԽ-ը որոշեց կարելին ի գործ դնել հետամուտ լինելու խնդիրների կարգավորմանը՝ ընդգծելով, որ եկեղեցական կյանքում առկա խնդիրները պետք է լուծվեն բացառապես օրինական ու եկեղեցական-կանոնական ճանապարհով։
Մասյացոտնի թեմում առաջնորդի պաշտոնանկությունից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ փոխանցեց թեմի առաջնորդական տեղապահ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Նշվեց, որ կարգալույծ եղած Արման Սարոյանը իշխանության մարմինների ապօրինի աջակցությամբ խոչընդոտում է թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը՝ լարվածություն առաջացնելով հոգևորականների և հավատացյալների շրջանում։ Միաժամանակ արձանագրվեց, որ թեմի հոգևորականների մեծամասնությունը շարունակում է հովվական ծառայությունը՝ հավատարիմ մնալով եկեղեցական կարգաց և կանոնաց։
Եկեղեցի-պետություն հարաբերությունների համատեքստում օրենսդրական նախաձեռնությունների, ինչպես և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ապօրինի ազատազրկված և այլ խափանման միջոցների ենթարկված եկեղեցականների նկատմամբ նախաձեռնված քրեական, վարչական, քաղաքացիական գործերի ընթացքի, կայացված դատական ակտերի և դրանց վիճակագրության վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին ի․գ․դ. տիար Գևորգ Դանիելյանը և փաստաբան, ի.գ.թ. տիար Արա Զոհրաբյանը։
Գերագույն հոգևոր խորհուրդը կարևորելով Եկեղեցու իրավունքների և ինքնավարության, արդարադատության և ժողովրդավարական սկզբունքների հարգման ու պահպանության հրամայականը՝ դատապարտեց ՀՀ իշխանությունների կամայական, խտրական գործողությունները, Հայոց Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող հալածանքները, շինծու մեղադրանքներով ազատազրկումները, ինչպես նաև պետական լծակների գործադրմամբ Եկեղեցու գործունեության արհեստական խոչնդոտների ստեղծման, սահմանափակման և եկեղեցական կյանքին ապօրինի միջամտությունների փորձերը։
Անդրադարձ կատարվեց նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է իբրև հարմար պատրվակ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար։ Արձանագրվեց, որ նման նախաձեռնությունները խաթարում են Եկեղեցի-պետություն հարաբերությունների սահմանադրական հիմքերը, մասնավորապես՝ խղճի և կրոնի ազատության իրավունքը։
ԳՀԽ-ն մերժելի նկատեց նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց Եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական շինծու վերագրումները՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն, որոնցով ակնհայտորեն փորձ է արվում արդարացման հիմքեր ստեղծել Եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
2026թ․ սեպտեմբեր ամսին նախատեսվող Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի գումարման, օրակարգի և կազմակերպչական հանձնախմբի ձևավորման վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։ Վերջինս ժողովականներին ներկայացրեց կատարված նախապատրաստական աշխատանքները և ժողովի կազմակերպմանն առնչվող հարցերն ու առաջարկությունները։ Այս կապակցությամբ տրվեցին համապատասխան հանձնարարականներ։
ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ զեկույց ներկայացրեց Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը։