Պըլը Պուղին եղել է Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի զվարճախոս-կատակաբանը։
Պըլը Պուղին հորինել է զվարճալի զրույցներ ու առակներ, որոնք, ժողովրդի մեջ տարածվելով, հասել մինչև մեր օրերը։ Լինում է այնպես, որ Մելիք Շահնազարի էշը իրեն տեսնելուց սկսում է իրար հետևից զռռալ։ Սա որ մի քանի անգամ կրկնվում է, ճարը կտրած՝ դիմում է Պըլը Պուղուն։
-Պուղի, — ասում է Մելիքը, — ինչի՞ց կլինի, որ էս իմ էշը հենց ինձ տեսնում է, սկսում է իրար հետևից զռռալ, դու դրանց լեզուն լավ ես հասկանում, ասա տեսնեմ։
-Մելիքն ապրած կենա, — ասում է Պուղին, — Քրիստոսը ձիո՞ւ վրա նստած մտավ Երուսաղեմ, թե՞ էշի։
-Էշի, — ասում է Մելիքը։
-Ուրեմն էշդ քեզ երկնավորի տեղ է դնում, — ասում է Պուղին մատը վեր տնկելով։
-Պուղի, — ասում է Մելիքը գոհունակությամբ բեխերը սղալելով, — որ գլուխ հանեցիր, քեզ մի լավ էշի քուռակ եմ նվեր տալու։
-Դու ողջ լինես, — ասում է Պուղին, — նվերդ ինձ պետք չի։ Դու, որ կաս, ինձ համար համ էշ ես, համ քուռակ։