Ո՞ՐՏԵՂԻՑ ԵՆ ԾԱԳՈՒՄ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ, Ո՞ՐՏԵՂԻՑ Է ԾԱԳՈՒՄ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ• Հիշո՞ւմ եք հայտնի ֆիլմը։ 20-րդ դարում հայտնված Իվան Ահեղը ինժեներ Տիմոֆեևին փորձում է հիմնավորել իր արքայական լեգիտիմությունը «
ոչ մարդկային հաճությամբ, այլ աստվածային կամոք եմ թագավոր» խոսքերով (“
не человечьим хотением, но Божьим соизволением царь есмь“)։ Հետաքրքիր է, որ այս տողերը ֆիլմի հեղինակները չեն հորինել, այլ վերցված են հենց իսկ Իվան Ահեղի՝ 1581 թ․-ին լեհաց թագավոր Ստեֆան Բատորիին գրած նամակից․ «
… Իվան Վասիլևիչս … կամաւքն Աստուծոյ, այլ ոչ հաճութեամբ բազմապստամբ մարդկային …» (“
… Иванъ Васильевичъ … по Божию изволенью, а не по многомятежному человечества хотѣнию …“)1։ Բանն այն է, որ լեհական թագավորն ընտրված էր ազնվականության՝ «մարդկանց» կողմից, իսկ Իվան Ահեղն ինքնակալ էր, որն իր լեգիտիմությունը քաղում էր Աստծուց։
• Լեգիտիմության՝ «աստվածայի՞ն, թե՞ մարդկային» հակադրությունը տարածված գաղափար էր արևելաքրիստոնեական քաղաքական աստվածաբանության մեջ։ Իվան Ահեղից 397 տարի առաջ այս հակադրությունը ձևակերպել է հայ օրենսգետ Մխիթար Գոշը․ «
Թագաւորք, կարգեալք յԱստուծոյ, որպէս Իսրայէլին, յԱստուծոյ բարձցին կամ աքսորեսցին, իսկ ի մարդկանէ կացեալք՝ ի նոցունց աքսորեսցին»2։ Այսինքն՝ Աստծուց կարգված թագավորներին Աստված կարող է գահընկեց անել, իսկ մարդկանց կողմից նշանակվածներին՝ հենց մարդիկ (հմմտ․ Դանիել 3․21)։
• Ինչո՞ւ սա հիշեցի։ Բանն այն է, որ ինչպես էներգիան է հիմնարար ֆիզիկայի և մարդկային կենսագործունեության համար, այնպես էլ լեգիտիմությունը՝ քաղաքագիտության և հանրային կյանքի համար։ Ո՞րտեղից է ծագում այն, ո՞ւմից, ի՞նչպես վերարտադրել։ Սրանք, ինչպես նշեցի, հիմնարար հարցեր են, որ զբաղեցնում են ոչ միայն գիտնականներին, այլև քաղաքական դերակատարներին։
• Հենց այս հարցերին է այսօր բախվում նաև հայոց քաղաքական դաշտը։ Այն մի կողմից կաշկանդված է լեգիտիմության վերաբերյալ տիրապետող լիբերալ-սահմանադրական հղացքով, այն է՝ իշխանությունը ծագում է ժողովրդից։ Մյուս կողմից իրական կյանքի պայմանները հուշում են, որ Հայաստանը գտնվում է օտարերկրյա հարկադրանքի ներքո, ինչն ինքնըստինքյան անհամատեղելի է լիբերալ-սահմանադրականության հետ, քանզի հավաքականորեն անազատը չի կարող ազատ կամարտահայտություն ունենալ։
• Այս հակադրության մի հետաքրքիր դրսևորում էր ընդդիմության այսօրվա հայտարարության մեջ հանդիպող «
550 հազար քաղաքացիների՝ ընդդիմությանը համոզումով տրված արժանապատիվ քվե» արտահայտությունը։ «Քվե» բառից առաջ «արժանապատիվ» որակական մակդիրի կիրառումը հայոց ընդդիմադիր դաշտի փորձն է՝ վիճարկելու լիբերալ-սահմանադրականության ներկայիս ոգուց բխող այն դոգմատը, թե իբր լեգիտիմությունը բխում է քվեների քանակական-թվաբանական կույտից։ Բայց այսօրինակ վիճարկումը պահանջում է պատասխանել մի շատ պարզ ու բարդ հարցի․ «բա ուրիշ ի՞նչից կարող է բխել լեգիտիմությունը 21-րդ դարում»…
• Հայոց փիլիսոփայական ասպարեզը կարոտ է այս հարցի պատասխանին, ինչն անհնար է առանց Հայաստանի վերջին քառասուն տարվա պատմության և ներկայիս ու գալիք մարտահրավերների գիտատեսական վերաիմաստավորման։ Միայն դա կարող է բերել Հայաստանի և հայության վերազարթոնքի տեսական մշակումներին և կիրառական գործադրումներին։ Եվ այդ դեպքում վազգենսարգսյանական 21-րդ դարն իսկապես մերը կլինի, իսկ ներկա իշխանություններից ազատվելը կդառնա, ժողովրդական լեզվով ասած, մեջներից ամենահեշտ բանը։
1) РГАДА, ф. 79 (сношения с Польшей), «Книга Польского двора», № 13 (1581-1582 гг.), лл. 43-65 об.
2) Մխիթար Գոշ, Գիրք Դատաստանի, Գլուխ ՄԼ, Վասն աքսորելոյ թագաւորաց։
#ՀավերժականՀայաստան
#ՀաջորդտարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar