Իմ պատանեկության հերոսները, ովքեր ինձ ու իմ սերնդին պետականություն, հաղթանակ ու արժանապատվություն պարգևեցին, հեռանում են:
Կոմիտեի 11 անդամներից մնացել են չորսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Մանուկյանը, Ալեքսան Հակոբյանը, Աշոտ Մանուչարյանը:
Այս չորս գործիչների հետ բազմաթիվ շփումներ եմ ունեցել, միանգամայն տարբեր վերաբերմունք ունեմ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ:
Խորին հարգանքով մնացած երեքի հանդեպ՝ Լևոն Տեր-Պետրոսյանին համարում եմ հայ քաղաքական մտքի բացառիկ առաջնորդ, ռահվիրա, ով վեր է քաղաքական որևէ կոնյուկտուրայից, համակարգից:
Բայց սրա մասին չէ, որ ուզում եմ գրել:
1998-ից հետո, իսկ հատկապես՝ Ազգակործան պատուհասի կառավարման տարիներին, մենք, որպես հասարակություն և քաղաքական համակարգ, հետևողականորեն լափել ենք 88-ի շարժման լուսավոր արժեքները, շակալի հոգեբանությամբ խժռել ենք Երրորդ հանրապետության հիմքերը:
… Ու, թերևս, սա է պատճառը, որ Կոմիտեի յուրաքանչյուր անդամի հեռանալու հետ կորցրել եմ 88-ից մի կտոր, պետականությունից մի գույն:
Ու այս չորս գործիչները պարտավոր են երկար ու առողջ ապրել. նրանք դեռ պետք է տեսնեն 88-ից ծնված ու Շեփորով հառնած Հանրապետության վերածնունդը: