««Կանազ» մշակույթի տունը, դատարանի որոշմամբ, 2024-ին էր վերադարձվել Երևան համայնքին: Մինչև այդ, շենքը 2017-ից մասնավորի ձեռքում էր՝ «Արվեստի այբուբեն» մշակույթի հիմնադրամի, որը 10 տարվա ընթացքում խոստացված 480 մլն դրամի ներդրում չէր արել և շենքը հայտնվել էր, մեղմ ասած, անմխիթար վիճակում:
Համայնքային սեփականության իրավունքի վերականգնումից հետո մշակույթի տանը վերակառուցման աշխատանքներ դեռ չէին սկսվել և պարբերաբար ապօրինի շենք էին ներխուժում կարգազանցներ, կոտրում փականները, վնաս հասցնում շենքին, ինչից հետո դռները նորից կողպվում էին։
Բարեբախտաբար, շենքի ճակատային հատվածը հրդեհի հետևանքով չի տուժել, այրվել և վնասվել է հիմնականում տանիքն ու ներքին հարդարանքը:
Երևանի քաղաքապետարանի համար «Կանազ» մշակույթի տան վերականգնումը օրակարգային է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրել է մամուլի քարտուղարն՝ ընդգծելով, որ նոր նախագծով պահպանվելու է կառույցի ճարտարապետական դիմագիծը, առաքելությունը մնալու է նույնը՝ կրթական հարթակ, որը հարյուրավոր երեխաների վերադարձնելու է մշակութային ու գիտական ժամանակակից ու ավելի ընդգրկուն ուսումնական տարածք:
Ըստ Արտյոմ Կարապետյանի գրառման՝ նոր կոնցեպտի հիմքում «STEAM» կենտրոնի ստեղծման գաղափարն է, որը բազմաֆունկցիոնալ հարթակ է՝ գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, արվեստի ու մաթեմատիկայի համադրությամբ: