Միջազգային հարաբերություններում որևէ երկիր սիրուն աչքերի համար երաշխավորություն չի ստանձնում։
Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով խաղաղության գործընթացում երաշխավորների թեմայի շուրջ քննարկումներին։
Միրզոյանը նշեց, որ ընդդիմությունը վերջին շրջանում ակտիվորեն առաջ է քաշում երաշխավորների թեման։
«Այս վերջին օրերին մեր ընդդիմադիր խմբակները երաշխավորացավ են կպել։ Մինչ այդ ընդհանրապես խաղաղությունը չէին ընդունում, հիմա խոսում են խաղաղության մասին, բայց՝ երաշխավորներով»,- ասաց նա։
Միրզոյանի խոսքով՝ միջազգային հարաբերություններում երաշխավորները միշտ առաջնորդվում են սեփական շահերով։
«Սառը հաշվարկների աշխարհում ոչ մեկ ոչ մեկի սիրուն աչքերի համար երաշխավորություն չի անում և նաև իր զինվորների արյունը չի թափում, ծախսերը չի անում»,- ընդգծեց նախարարը։
Նա հավելեց, որ պատմության մեջ բազմաթիվ օրինակներ կան, երբ նույնիսկ երաշխավորված և ստորագրված համաձայնությունները խախտվել են՝ երբեմն հենց այդ երաշխավորների կողմից։
Միրզոյանի գնահատմամբ՝ ներկայում առկա խաղաղությունը արդեն ապացուցել է իր կենսունակությունը՝ պահպանվելով տարածաշրջանային լարված պայմաններում։
«Խաղաղությունը կարող է պահպանվել այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է երկու կողմերին»,- ընդգծեց նա։
Նախարարի խոսքով՝ Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ փոխշահավետ համագործակցության համակարգի ձևավորումն է, որը կխթանի երկարաժամկետ խաղաղության պահպանումը։