Ազգային ժողովի շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի դիմաց միջադեպ է գրանցվել հավաքված քաղաքացիների և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջև, որի հետևանքով երկու անձ բերման է ենթարկվել։
«Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին»,- «Արմենպրես»-ին հայտնեց ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերից պարզ է դառնում, որ ԱԺ շենքի մոտ հավաքված քաղաքացիների և Ալեն Սիմոնյանի միջև թեժ խոսակցություն է տեղի ունենում, որի ընթացքում հնչում են նաև փոխադարձ հայհոյանքներ։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ինքը հայհոյել է՝ պատասխանելով իր հասցեին հնչած հայհոյանքին։ Միջադեպի մասնակից անձն էլ պնդել է, որ սկզբում ԱԺ նախագահն է իրեն հայհոյել, ինքն էլ պատասխանել է։