Հայաստանի կառավարությունն այս տարի կավարտի 500 մանկապարտեզի կառուցման, հիմնանորոգման ու վերակառուցման ծրագիրը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվան նվիրված միջոցառման ժամանակ քաղաքացիներից մեկի հետ շփման ընթացքում։
«Մենք այս տարի կավարտենք 500 մանկապարտեզների ծրագիրը, դրանից հետո մեր հաշվարկներով հանրապետությունում ևս 100 մանկապարտեզի կարիք կլինի։ Մենք նաև մասնավորին ենք խթանում, որպեսզի մանկապարտեզներ բացվեն, և մեր նպատակն է, որ ծնողները հնարավորինս շուտ աշխատանքի վերադառնան»,- ասել է Փաշինյանը։
500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը Հայաստանի կառավարության 2021-2026 թվականների ծրագրի դրույթներից մեկն է։