«Եվրատեսիլ» երգի մրցույթը, որը հայտնի է իր շքեղ բեմական զգեստներով և երբեմն արտասովոր ելույթներով, մեկնարկում է իր առաջին ասիական տարբերակը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքում։
Տարածաշրջանի 10 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Նեպալի, Ֆիլիպինների, Հարավային Կորեայի, Թաիլանդի և Վիետնամի հեռարձակողները հաստատել են իրենց մասնակցությունը մրցույթին։
Ըստ հաղորդագրության՝ դեռ այլ երկրներ են միանալու այս ցանկին։
Այս երկրները նախ կանցկացնեն իրենց ազգային ընտրությունը, իսկ Բանգկոկն առաջինը կհյուրընկալի եզրափակիչը, որն ուղիղ եթերով կհեռարձակվի 2026 թ. նոյեմբերի 14-ին։