Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները համարո՞ւմ է էթնիկ զտում։
«Ես այդ եզրույթը համարում եմ վնասակար, որովհետև մենք կարող ենք ասել էթնիկ զտում և հայելային կերպով նրանց (խմբ․նկատի ունի Ադրբեջանին) կողմից ստանալ էթնիկ զտման, ցեղասպանության և այլնի մասին մեղադրանքներ։ Դա նշանակում է մուտք գործել կոնֆլիկտի ճանապարհ։ Իմ հոգսը դա չէ․իմ հոգսն այն է, թե ինչ անել, որպեսզի Ղարաբաղից տեղահանված մեր ժողովուրդը խաղաղվի, տուն, աշխատանք, անվտանգություն, ապահովություն, ազատություն ունենա․ ես դրանով եմ զբաղվում»,-պարզաբանեց վարչապետը։
Վարչապետը հայտարարեց, որ հրաժարվում է այսպես կոչված պատմական արդարության վերականգնման օրակարգից։
«Ես կարծում եմ, որ պետք է արդար իրականության հետևից գնալ և ոչ թե «պատմական արդարությունը» վերականգնելու հետևից գնալ, որովհետև մենք ինչքան գնանք «պատմական արդարության» հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների։ Ես իմ պարտքն եմ համարում սրա մասին մեր ժողովրդի հետ կիսվել»,-հայտարարեց վարչապետ Փաշինյանը։
Նրա բնորոշմամբ՝ նույնիսկ վարչապետի համար համարձակություն է պետք ունենալ այս թեմաների մասին այսքան բաց խոսելու համար։
«Ի՞նչն է, որ ինձ այդ վճռականության վերջին կաթիլը տվել է այս թեմաներով բաց և հրապարակային խոսել․ դրանք վերջին մի ամսվա ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ իմ շփումներն ու քննարկումներն են, երբ ես տեսնում եմ, որ այս խոսույթն ուղիղ և օրգանական կապ ունի Հայաստանի ժողովրդի ցանկությունների, նպատակների և իղձերի հետ, և մենք գնալու ենք այս ճանապարհով»,-ասաց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ժողովուրդը տեր կկանգնի այս ռազմավարությանը, որովհետև այս դեպքում կա սեփական շահերի գիտակցման խորը պատեհություն։