Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին, ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Երևանում կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն այս տարի կանցկացվի «թավջութակ» մասնագիտական կարգում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Արամ Խաչատրյան մշակութային հիմնադրամը։
Տաղանդավոր երաժիշտների միջազգային այս ստուգատեսն արդեն երկու տասնամյակից ավելի աշխարհի տարբեր կետերից մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտության շուրջ միավորում է տասնյակ երիտասարդների։
«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից կազմակերպվող միջազգային մրցույթի նպատակը երիտասարդ և տաղանդավոր երաժիշտների բացահայտումն ու Արամ Խաչատրյանի երաժշտական ժառանգության հանրահռչակումն է։
Հունիսի 6-ին՝ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը երաժշտասերները կունկնդրեն կոմպոզիտորի Թավջութակի անզուգական կոնցերտը Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչեն նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրաճանաչ բալետներից։
Մրցույթին այս տարի կմասնակցի հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 24 թավջութակահար աշխարհի 11 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Իսպանիա, Բելգիա, Գերմանիա, Ճապոնիա, Դանիա, ԱՄՆ, Կորեայի Հանրապետություն, Չինաստան և Հունգարիա։