Հայաստանում իտալական «Յուվենթուս» ֆուտբոլային ակումբի ակադեմիայի երրորդ մարզաբազան կլինի Նոր Հաճնում:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Յուվենթուս»-ի հայաստանյան ակադեմիայի տնօրեն Ալբերտ Աբրահամյանը:
«Սեպտեմբեր ամսից կմեկնարկեն «Յուվենթուս»-ի երրորդ մարզաբազայի շինարարական աշխատանքները Նոր Հաճն քաղաքում: Իսկ այս տարվա օգոստոսին տեղի կունենա երևանյան երկու մարզաբազաների, ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի բացման արարողությունը: Ակադեմիան նախատեսված է լինելու 1500 սաների համար»,-ասաց Աբրահամյանը:
Հայաստանում «Յուվենթուս»-ի ակադեմիան բաղկացած է լինելու 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիան ունենալու է միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տարբեր չափերի բաց և փակ, բնական և արհեստական խոտածածկով դաշտեր՝ գիշերային լուսավորությամբ։ Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենթուս»-ի գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։