🔥 Կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշն այրած անձանց: Սա հայտարարում է Ադրբեջանի ԱԳՆ-ն: Նկատեք, խոսքն անգամ Ադրբեջանի դրոշի մասին չէ, այլ երրորդ երկրի՝ Թուրքիայի:
Ինչի՞ մասին է այս հայտարարությունը: Նախ այն մասին, որ իրականում Թուրքիան հենց Ադրբեջանին է «պատվիրակել» Հայաստանով «զբաղվելը»: Մի քանի օր առաջ Հայաստանի ԱԺ նախագահը հայտարարում էր, թե Ադրբեջանն իբր խանգարում է հայ-թուրքական կարգավորմանը: Թուրքիան «մաքրելու» այդ փորձը արժանանում է ահա իրական պատկերին՝ Թուրքիան այլեւս հայ-թուրքական հարաբերությունը չի համարում իրեն այսպես ասած համարժեք մակարդակի հարց, եւ այն ամբողջությամբ «տեղավորել» է հայ-ադրբեջանական գործընթացի մեջ եւ հարցերը «պատվիրակել» Ադրբեջանին:
Սա է Երեւանի քաղաքականության հետեւանքը, ոչ թե հայ-թուրքական կարգավորման իբր թե հեռանկար բացելը:
Մյուսը. Ադրբեջանը անում է հայտարարություն, որը իրականում «բխում» է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նախաստորագրված խաղաղության «տեքստից»: Պարզապես, այդ տեքստը դեռեւս ստորագրված չէ, այլապես Բաքուն կաներ անմիջական հղում: Այդ տեքստի կետերում հստակ սահմանված են այն պարամետրերը, որոնց մասին խոսում է Ադրբեջանը իր ԱԳՆ հայտարարության մեջ: Եվ, երբ այդ տեքստը լինի ստորագրված ու վավերացված, ապա կարող եք պատկերացնել, թե Ադրբեջանը ինչպես է խոսելու Հայաստանում իր պատկերացումներից դուրս որեւէ բառ հնչեցնելու կամ որեւէ միտք արտահայտելու մասին, Հայաստանին մատնացույց անելով խաղաղության պայմանագիր ասվածը: Այլ կերպ ասած, Հայաստանի Սահմանադրությունը իրականում դառնալու է Հայաստան-Ադրբեջան այդ խաղաղության պայմանագիր ասվածը: