ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) շուրջ 100 պատգամավոր և աշխատակից ավելի քան 30 երկրից Հայաստան կժամանեն՝ դիտարկելու հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը։
Նշվում է, որ 1995 թվականից ի վեր սա արդեն տասներկուերորդ անգամն է, երբ կազմակերպությունը հետևում է Հայաստանում անցկացվող ընտրություններին։
ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող և ղեկավար է նշանակվել Նիդերլանդների Սենատի անդամ Ֆարահ Քարիմին, իսկ ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակությունը կգլխավորի Չեռնոգորիայի խորհրդարանի պատգամավոր Եվրոսիմա Պեյովիչը։
Քարիմին և Պեյովիչը նախընտրական համատեղ մեկնաբանություն են հրապարակել «Հայաստանը քվեարկում է աշխարհաքաղաքական և ժողովրդավարական խաչմերուկում» խորագրով, որում անդրադարձել են պատմական զարգացումներին, իրավական բարեփոխումներին և ներքաղաքական բևեռացմանը, որոնք, նրանց գնահատմամբ, ազդում են ներկայիս ընտրական միջավայրի վրա։
ԵԱՀԿ ԽՎ դիտորդները կաշխատեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության հետ, որը ղեկավարում է Յանեզ Լենարչիչը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպական խորհրդարանի դիտորդական պատվիրակությունների հետ։
Ընտրություններից առաջ դիտորդները հանդիպումներ կունենան պետական մարմինների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, քաղաքական կուսակցությունների և դաշինքների, քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ու անկախ փորձագետների ներկայացուցիչների հետ։
Այնուհետև նրանք կայցելեն Հայաստանի տարբեր մարզեր՝ ընտրական գործընթացի գնահատման նպատակով։
Դիտորդական առաքելությունների նախնական եզրակացությունները կներկայացվեն ընտրություններից հետո կայանալիք համատեղ մամուլի ասուլիսում։