ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում հարցադրմամբ է անդրադառնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ մեր լավագույն հայրենակիցները Բաքվի բանտում են։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետը տեսանյութում նշում է.
«Լրահոսից տեղեկանում եմ, որ կալուգացի օլիգարխն ասել է, թե մեր լավագույն հայրենակիցները գտնվում են Բաքվի բանտում։
Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, բայց ես լավ չեմ հասկանում՝ ինչու է օրինակ ատեստավորում անցած և այսօր դասասենյակ մտած ուսուցիչը դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ նույն կերպ ատեստավորումն անցած և սահմանը պահող մեր զինվորն ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն ընտանիքները, որոնց զավակները անշահախնդիր կերպով իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, ինչո՞ւ են դուրս մնում լավագույն հայրենակիցների ցանկից, կամ այն բժիշկը, որն այսօր առողջության ապահովագրության համակարգի շահառու է վիրահատել և նրա կյանքը փրկել է, ինչո՞ւ է դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների ցանկից, և այսպես շարունակ էլի ու էլի մեր բազմաթիվ լավագույն հայրենակիցներ ինչո՞ւ են դուրս մնում մեր լավագույն հայրենակիցների շարքից»։