ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ «այսօր ևս մեկ անգամ կլինի Իրանի տարածքում ամենաինտենսիվ հարվածների օրը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է The Associated Press գործակալությունից, այս մասին նա ասել է մարտի 10-ին Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նշել է, որ Իրանի դեմ կօգտագործվեն ամենամեծ թվով կործանիչները, ամենամեծ թվով ռմբակոծիչները, և կիրականացվեն ամենամեծ թվով հարվածները։
Հեգսեթը նաև նշել է, որ վերջին 24 ժամում Իրանը ամենաքիչ թվով հրթիռներն է արձակել։
Մամուլի ասուլիսում ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը նույնպես հայտարարել է, որ Իրանի կողմից արձակված բալիստիկ հրթիռների քանակը շարունակում է նվազել՝ փետրվարի 28-ին ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Նա նշել է, որ հրթիռային գրոհները նվազել են 90%-ով, հարվածային անօդաչու թռչող սարքերով գրոհները՝ 83%-ով։
Փիթ Հեգսեթը նշել է, որ այս թվերը վկայում են այն մասին, որ ամերիկյան հարվածների շնորհիվ Իրանի պաշտպանական կարողությունները և հարևաններին ու ամերիկյան ուժերին հարվածելու հնարավորությունները նվազում են։
Պատերազմի ժամկետների մասին հարցին պատասխանելիս Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ի «կամքն անվերջ է», բայց միայն նախագահ Դոնալդ Թրամփը կորոշի, թե որքան դա կտևի։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ միջոցներ է Պենտագոնը ձեռնարկում քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թիվը նվազագույնի հասցնելու համար, Հեգսեթը հայտարարել է, որ համապատասխան հաղորդումները կհետաքննվեն։ Նա նաև պնդել է, որ ԱՄՆ-ն շատ լուրջ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի խաղաղ բնակչությունը չթիրախավորվի։
Իր հերթին, Դեն Քեյնը նշել է, որ ԱՄՆ-ն դիտարկում է տարբերակներ, որոնք թույլ կտան զինվորականներին ուղեկցել նավերը Հորմուզի նեղուցով։