ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խիստ քննադատություններ է հնչեցրել Հռոմի Լևոն XIV պապի հասցեին իր քաղաքականությունը չսատարելու համար՝ նրան անվանելով «թույլ» հանցագործությունների հարցում: Այս մասին նա գրառում է կատարել Truth Social հարթակում։
«Հռոմի պապը թույլ է հանցագործությունների հարցում և սարսափելի՝ արտաքին քաղաքականության հարցում…. Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը կարծում է, որ Իրանի համար նորմալ է միջուկային զենք ունենալը: Ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը սարսափելի է համարում այն, որ Ամերիկան հարձակվեց Վենեսուելայի վրա՝ մի երկրի, որը մեծ քանակությամբ թմրանյութեր էր ուղարկում Միացյալ Նահանգներ և, ավելի վատ, դատարկում էր իր բանտերը՝ մեր երկիր ուղարկելով, այդ թվում, մարդասպանների և թմրավաճառների: Եվ ես չեմ ուզում այնպիսի Հռոմի պապ, որը քննադատում է Միացյալ Նահանգների նախագահին, որովհետև ես անում եմ հենց այն, ինչը ջախջախիչ հաղթանակով ընտրվել եմ անելու՝ հասնել հանցավորության ռեկորդային ցածր ցուցանիշների և ստեղծել պատմության մեջ լավագույն ֆոնդային բորսան», — գրել է նա:
Թրամփը հավելել է, որ Հռոմի պապը պետք է «շնորհակալ լինի», քանի որ եկեղեցին նրան նշանակել է «միայն այն բանի համար, որ նա ամերիկացի է»։ Նրա պնդմամբ՝ եթե ինքը չլիներ Սպիտակ տանը, ապա Լևոն XIV-ը «չէր լինի Վատիկանում»։
«Նա պետք է կենտրոնանա լավ Հռոմի պապ, ոչ թե քաղաքական գործիչ լինելու վրա», — նշել է Թրամփը։
Լրագրողների հետ զրույցում ևս Թրամփը քննադատել է Լևոն XIV-ին՝ նշելով, որ նրա «մեծ երկրպագուն չէ»։
Ավելի վաղ Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատել էր Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելու Թրամփի սպառնալիքները՝ դրանք անվանելով «անընդունելի»։ Նա նաև խաղաղության և երկխոսության կոչ էր արել։
«Բավական է խոնարհվել սեփական եսի և փողի առջև։ Բավական է ուժի ցուցադրությունը։ Բավական է պատերազմը», — հավելել էր Լևոն XIV-ը։