Դուք ձախողել եք՝ ես ողջ եմ. Հայկ Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում, Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առթիվ
Դուք մտածում եք, որ աշխարհն ունի բոլոր գործիքները կանխելու ցեղասպանությունները՝ միջազգային իրավունք, ինստիտուտներ, մեխանիզմնե։ Դուք չարաչար սխալվում եք, հարգելի’ գործընկերներ։ 2023 թվականին հայերը կրկին բախվեցին մարդկության դեմ ծանր հանցագործության՝ Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտմանը։ Ավելի քան 100.000 հայերի ստիպեցին լքել իրենց հայրենիքը։
Այս պահին Ադրբեջանը մշակութային ցեղասպանություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում։ Ամենաթարմ օրինակը Ստեփանակերտի Սուրբ Աստվածածնի եկեղեցին է, որը հիմնովին ոչնչացվել է այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին։ Իսկ ինչու չեմ տրամադրում ոչնչացման ճշգրիտ ամսաթիվը։ Որովհետև միակ հասանելի ապացույցն արբանյակային լուսանկարներն են, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք։
Ես հրաժարվում եմ հավատալ, որ մեկ բռնապետ կարող է ավելի հզոր լինել, քան ամբողջ քաղաքակիրթ աշխարհը։ Եվ, այնուամենայնիվ, նա շարունակում է պահել իմ 19 հայրենակիցներին Բաքվի բանտերում՝ չունենալով նրանց ազատ արձակելու մտադրության ոչ մի նշույլ։ Նա շարունակում է օկուպացված պահել իմ երկրի ավելի քան 200 քառ. կմ տարածքը։ Նա շարունակում է թաքցնել 2020 թվականից ի վեր անհայտ կորած հարյուրից ավելի անձանց մասին տեղեկատվությունը: