Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին ժամանելիս Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել համատեղ ջանքեր գործադրել Հորմուզի նեղուցը վերաբացելու ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Մակրոնը շեշտել է, որ Ֆրանսիան չի մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության:
«Մենք չենք մասնակցի ուժի կիրառմամբ որևէ գործողության ինչ-որ շրջանակում, որն, ըստ իս, հստակ չէ։ Այսպես, մենք այդ նպատակով ստեղծել ենք առաքելություն, որի վրա աշխատում ենք, ռազմական պլանավորումը տեղի է ունեցել Լոնդոնում։ Բայց մենք ամենից շատ ցանկանում ենք Իրանի և Միացյալ Նահանգների կողմից (նեղուցի) համատեղ վերաբացում։ Սա միակ լուծումն է, որը թույլ կտա մեզ մշտապես վերաբացել Հորմուզի նեղուցը, ապահովել ազատ նավագնացություն և դա անել առանց սահմանափակումների և վճարների», — նշել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնը նաև հայտարարել է, որ եվրոպացիներն իրենց ճակատագիրն իրենց սեփական ձեռքն են վերցնում՝ մեծացնելով պաշտպանական և անվտանգության ծախսերը, և կառուցում են իրենց սեփական համաձայնեցված լուծումները: