Հայաստանի զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել
Հայաստանի Հանրապետության զինված ուժերում 2025 թվականին սպանության դեպք չի արձանագրվել: Այս մասին 2026 թվականի ապրիլի 29-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և տեղեկացրել, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 2248 դեպք (2024 թվականին՝ 2093 դեպք): Արձանագրված դեպքերից 1027-ը կամ 45,7%-ը եղել են պատահարներ (2024 թվականին՝ 762), 1221-ը կամ 54,3%-ը հանցագործություններ (2024 թվականին՝ 1331), այդ թվում` 687-ը կամ 56,3%-ը` զինվորական (2024 թվականին՝ 715), 534-ը կամ 43,7%-ը` այլ հանցագործություններ (2024 թվականին՝ 616)։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
2025 թվականին ՀՀ զինված ուժերում զինծառայողների՝ ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել են մահվան հետևյալ դեպքերը՝ ժամկետային 6 զինծառայող, ԱԱԾ սահմանապահ զորքերի 2 ժամկետային զինծառայող և 1 աշխարհազորային. ընդհանուր՝ ծառայության հետ կապված մահվան 9 դեպք՝ 2024 թվականի 27 դեպքի համեմատ:
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ