Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը պետք է իր չափով ֆինանսական ներդրում ունենա Խաղաղության խորհրդի աշխատանքներում, որի հիմնադիր անդամ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Վարչապետը վստահեցրել է, որ Խաղաղության խորհրդում Հայաստանը ֆինանսական ոչ մի պարտավորություն չունի, կա կամավորության սկզբունք։
«Ֆինանսական ոչ մի պարտավորություն չկա կա կամավորություն, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ գնում է բոլոր տեղերում և վիզը ծուռ անկյունում կանգնած է։ Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք։ Ոչ մի պարտավորություն Հայաստանը չունի, բայց ես կարծում եմ, որ մենք պետք է մասնակցություն ունենանք և մենք կունենանք մասնակցություն»,- ասել է վարչապետը։