Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացին, բարդություններին վերաբերող հարցեր։
«Արմենպրես»-ի թղթակցի հարցին ի պատասխան՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ վիզաների տրամադրման գործընթացի հետ կապված հարցերը Եվրամիության գործընկերների հետ մշտապես քննարկվում են։
«Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,-նշեց վարչապետը։
Անդրադառնալով հարցին, որ չնայած Կառավարությունը խրախուսում է ցածր արժեքով ավիափոխադրումներ իրականացնող ընկերություններին՝քաղաքացիները դժվարություններ են ունենում վիզաների համար հերթագրվելու գործընթացում՝ վարչապետն արձագանքեց, որ այդ դժվարությունների ու հերթերի պատճառն առաջին հերթին դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի աննախադեպ աճն է՝ 2017 թվականի համեմատ՝ 580 տոկոս։
«Մենք արդեն մի քանի տարի է, ինչ այս թեմայով զբաղվում ենք․ գործընկերներն ասում են, որ ոչ մեկ չէր կանխատեսել, որ հոսքերի նման մեծացում է տեղի ունենալու»,-ասաց վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ հենց այս հանգամանքն է պատճառը, որ Հայաստանն ու Եվրամիությունն այժմ բանակցում են վիզաների ազատականացման շուրջ։ Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի Հանրապետությունն այժմ միայն երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։
«Ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ կարձանագրենք»,-վստահեցրեց վարչապետ Փաշինյանը։
Վիզաների հարցը կբարձրացվի ԵՄ-Հայաստան առաջիկա գագաթնաժողովին. Փաշինյան https://armenpress.am/hy/video/1247763