Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարությունների ընթացքում։
Փոխվարչապետը նշեց, որ հանձնակատար Կոսի հերթական այցը Հայաստան վկայում է երկկողմ հարաբերությունների ակտիվ զարգացման մասին։
«Հանձնակատար Կոսը վերջին 6 ամիսների ընթացքում երկրորդ անգամ է աշխատանքային այցով գտնվում մեր երկրում, ինչը Հայաստանի և Եվրոպական միության միջև ընդլայնվող գործընկերության վառ վկայությունն է»,- ասաց նա։
Գրիգորյանի խոսքով՝ այցը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ տեղի է ունենում Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Հայաստան-ԵՄ գագաթնաժողովների նախաշեմին։
Նա ընդգծեց, որ կողմերը քննարկել են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացքը։
Փոխվարչապետը հայտնեց, որ ստորագրվել է «Դիմակայունության և աճի» պլանի ներքո 2025–2027 թվականների ֆինանսավորման համաձայնագիրը։
«Սահմանել ենք հավակնոտ միջոցառումներ՝ մասնավորապես արտահանման դիվերսիֆիկացիայի, վիզային ռեժիմի ազատականացման և հանրային ֆինանսների կառավարման կարևորագույն ոլորտներում»,- նշեց Գրիգորյանը։
Նա նաև ընդգծեց տարածաշրջանային կապակցվածության զարգացման կարևորությունը՝ նշելով, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության, TRIPP երթուղու և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակում։
Գրիգորյանը հավելեց, որ ԵՄ-ն վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ներգրավմանը տրանսկասպյան տրանսպորտային ուղղությունում։
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Եվրոպական միության ղեկավարությանը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ավելացման ուղղությամբ գործադրվող ջանքերի և ուշադրության համար»,-եզրափակեց Գրիգորյանը։