Ընդդիմադիր մեր գործընկերները պետք է որոշեն՝ վերցնու՞մ են մանդատները, թե՞ ոչ, բայց երկու որոշման դեպքում էլ պետք է իրենց էլեկտորատի հետ ունենան այնպիսի խոսակցություն, այնպիսի հիմնավորում, որը կլինի համոզիչ։ Այսինքն, ընդդիմությունը «փրկչի» տրամաբանությունից պետք է դուրս գա ու մարդկանց ներկայացնի երկարաժամկետ գործողությունների ծրագիր։
Մանդատները ուղղակի չվերցնել՝ չվերցնելու համար, սա լուրջ չէ։ Լուրջ չէ նաև մանդատները վերցնել, բայց ուղղակի գնալ ԱԺ և ոչինչ չանել։
Այսինքն, մեր ընդդիմությունը ինքն էլ պետք է հասկանա, որ թե՜ խոսույթի առումով, թե՜ գործողությունների առումով մարդիկ այլ բան են ցանկանում տեսնել ու հենց դրա համար եմ ասում, որ «փրկչի» տրամաբանությունը պետք է փոխել, մարդկանց «փրկել» պետք չէ, մարդկանց պետք է ցույց տալ, որ դուք իսկապես զբաղվում եք քաղաքականությամբ։
Շատ կարևոր է, որ եթե կայացվում է ԱԺ գնալու որոշում, ընդդիմադիր ուժերը հանրության առաջ պատասխանատվություն վերցնեն ԱԺ գնացող պատգամավորների առումով ու, գուցե, կարիք կա մի այնպիսի մեխանիզմ մշակել, որը հնարավորություն չի տա ընդդիմադիր մանդատով ԱԺ մտած պատգամավորին «խաղեր տալ»։
@armgeopolitic