….Հիրավի, Հարության հավատով է բացվելու մարդկության պատմության նոր այգաբացը, բարեփոխվելու՝ աշխարհը, և իրականացվելու՝ համընդհանուր խաղաղության ու անվտանգության արդար հույսերը։ Աշխարհի խառնաշփոթում, սակայն, թվում է, թե խլացել են առաքյալի հորդորն ու ավետարանական պատգամները, և Աստծո արարչագործությունը անարգվում ու վտանգվում է չարագործություններով ու անօրինություններով, մարդկության կյանքն ալեկոծվում ու խորտակվում է հակամարտություններով, թշնամանքով ու պատերազմներով։
Բարօր ու արդար աշխարհ հաստատելու համար ներկա բազմադեմ սպառնալիքների պայմաններում ազգերն ու պետությունները առավել նախանձախնդրությամբ պիտի հետամուտ լինեն Բարձրյալ Աստծո կամքին՝ հաղթահարելու համար առկա ծանր փորձությունները, ամրապնդելու հիմքերը համամարդկային համերաշխության, խաղաղ համակեցության և արդյունավոր գործակցության։
Համընդհանուր այսպիսի ջանքերով է, որ ժողովուրդներն «իրենց սուսերներից խոփեր պիտի ձուլեն և իրենց սվիններից՝ մանգաղներ. ազգ ազգի վրա սուր չպիտի բարձրացնի, և նրանք այլևս չեն սովորելու պատերազմել»,- ինչպես ազդարարում է մարգարեն (Եսայի 2․4)։
Սիրելիներ,
արցախյան ողբերգական պատերազմից տարիներ անց տակավին տագնապներն ու մտահոգությունները չեն լքում մեր սրտերը, որ տենչում են խաղաղություն ու անվտանգություն։ Մեր ժողովուրդը լավագույնս գիտի արժեքը խաղաղության ու անվտանգության, որի համար ազգիս զավակները վճարել են իրենց կյանքով։ Դեռ թարմ են մեր կրած վշտերն ու վերքերը, որոնց ցավն այսօր ավելի է խորանում արցախահայության իրավունքների ոտնահարումով, պատանդառված մեր հայրենակիցների ապօրինի ազատազրկմամբ։
Ցավը խորանում է, երբ շարունակվում է սերմանվել պառակտումի որոմը, երբ անտեսվում ու խեղաթյուրվում են նվիրական արժեքները, երբ գործադրվում է կամայական ու ընտրովի արդարադատություն, և կեղծ ու շինծու մեղադրանքներով իշխանությունների կողմից բռնաճնշումներ են իրականացվում Եկեղեցու նկատմամբ։
Եկեղեցին Քրիստոսով անսասան է, հզոր և աներեր։ Եկեղեցին Աստծո տունն է, հավատացյալների հավաքականությունը, իր փրկարար առաքելությամբ խաղաղության, եղբայրսիրության ջատագովն ու ավետարանողը, Քրիստոսի հրաշափառ Հարության անլռելի քարոզիչը։ Եկեղեցին հարուցյալ կյանքի հրավերն է մշտապես բարձրաձայնում՝ իր զավակներին զերծ պահելու համար հուսահատությունից, անիրավություններից ու անկումներից, զերծ պահելու հայրենական և ազգային անդաստանը՝ կորստաբեր ճանապարհներից։
Հարուցյալ կյանքը երբեք չի կարող լինել միմյանցից օտարացմամբ ու բաժանումներով, քրիստոնեական արժեքների խեղմամբ, Եկեղեցու առաքելության նսեմացմամբ ու սահմանափակմամբ, ազգային շահերը խեղաթյուրելով, արդարությունն ու ճշմարտությունը աղճատելով։
Մինչև չմերժենք չար գործերն ու կորստաբեր քայլերը, չենք կարող հաստատել զարթոնք ու ծաղկում, առաջադիմություն ու բարօրություն անձնական ու հասարակական կյանքում և կերտել մեր ժողովրդի հարատևության անխորտակելի հեռանկարները։
Արդ, սիրելիներ, Հայրապետական Մեր պատգամն է՝ նախընտրենք բարին ընդդեմ չարիքի, հաշտությունն ընդդեմ խառնակչության, ազնվությունն ու ուղղամտությունը՝ ընդդեմ կեղծիքների ու խարդավանքների, փոխադարձ հարգանքն ու զորակցությունը՝ ընդդեմ անպատվության ու նենգադավության։
Առաջնորդվենք վնասակար ու կործանարար երևույթները բացառելու հանձնառությամբ, մեր պարտություններից ոտքի կանգնելու հաստատակամությամբ և նախնյաց ժառանգությունը անաղարտ պահպանելու նախանձախնդրությամբ։ Գերադասենք սերը, համերաշխությունը, միասնությունը, որպեսզի համատեղ ջանքերով կարող լինենք վեր հառնել մեզ պատուհասած նեղություններից ու դժվարություններից, ամրապնդել մեր պետականությունը և կերտել ազգի առաջընթացն ու բարգավաճումը…
Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսՀ.Գ. տեսանյութն ամբողջական քարոզի` ստորև
👇https://youtu.be/i9cWZuPD4X0?si=q_5Nrw1POO7wlkU5