Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին՝ բոլոր քաղաքական դերակատարներին կոչ անելով հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։
«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին»,-ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում: