«Ազնավուրի ձայնը». այսպես են անվանում երիտասարդ և խարիզմատիկ ֆրանսիացի երգիչ Տիտիանոյին, որը, յուրովի մեկնաբանելով մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները, գրավել է ոչ միայն օտար, այլև հայ երաժշտասերների ուշադրությունը։
Երգիչը պարբերաբար համերգներով ներկայանում է Երևանում, իսկ այս անգամ կծանոթանա Հայաստանի մարզերի հանդիսատեսի հետ։ Արտիստը հունիսին համերգներով կլինի Վաղարշապատում, Իջևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Կապանում և Գորիսում։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տիտիանոյի արտիստիկ մենեջեր և համերգների կազմակերպիչ Մարիա Քոչարյանը պատմում է, որ սոցիալական հարթակներում է «հայտնաբերել» երգչին և զարմացել, թե որքան է նրա ձայնը նման Ազնավուրի ձայնին։ Քոչարյանի ընտանիքի անդամները, ընկերները ևս կարծել են, թե Ազնավուրն է երգում։