Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի խոսքով՝ անհերքելի է այն փաստը, որ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով Իրանի համագործակցությունը դանդաղել է շատ երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ և նախատեսված տեմպերով առաջ չի գնում, սակայն դա, նրա հավաստմամբ, ժամանակավոր բնույթ է կրում։
«Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցի ընթացքում Խալիլ Շիրղոլամին հիշեցրեց, որ հայ-իրանական օրակարգում ընդգրկված են եղել բազմաթիվ հարցեր, նախատեսվել են փոխադարձ այցեր, տնտեսական, կրթական, ենթակառուցվածքային և այլ ոլորտներում տարբեր հարցերի շուրջ պետք է կայանային կարևոր նիստեր, սակայն հաշվի առնելով պատերազմական իրավիճակը՝ համագործակցությունը դանդաղել է։
«Բայց դա չի նշանակում, որ այդ ամենը մեր ուշադրության կենտրոնում չէ։ Աստծո կամոք, պատերազմի ավարտից հետո ավելի կխորացնենք մեր կապերը, առավել ևս, որ այդ առումով երկու երկրների իշխանությունների մոտ կա մեծ ցանկություն և պատրաստակամություն։ Մենք հետամուտ ենք լինելու երկկողմ օրակարգն ամբողջությամբ կյանքի կոչելուն։ Մենք հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ Հայաստանում առաջիկայում սպասվում են համապետական ընտրություններ, և քաղաքական սեկտորի ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է այդ գործընթացի վրա։ Ես շարունակում եմ հանդիպումներ ունենալ գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Ամեն ինչ ընթանում է բնականոն հունով»,- ասաց դեսպան Շիրղոլամին։