«Միասնության թևեր» կուսակցության նախագահ Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց նպատակը Հայաստանի շահերից բխող քաղաքական օրակարգ ձևավորելն է։
Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում Թաթոյանը
նշել է, որ առաջիկա ընտրությունները ներկայացվում են արտաքին ուժերի հետ հարաբերությունների կառուցման համատեքստում։
Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը չպետք է կանգնի Արևմուտքի և Ռուսաստանի միջև ընտրություն կատարելու առաջ. «Մենք ասում ենք, ոչ, մենք հայերս հազարավոր տարիների պատմություն ունեցող հերոսական ժողովուրդ ենք, մենք հիմա ունենք անկախ պետականություն և ինքնիշխանություն, և մենք պետք է ընտրություն անենք՝ ելնելով մեր շահերից, ելնելով նրանից, թե մենք ինչ ենք ուզում»։
Նա նշել է, որ տարիներ շարունակ քաղաքական գործիչները ընտրությունից ընտրություն մարդկանց խոստումներ են տվել, հետո գնացել ու կորել են, և դրա հետևանքով մարդկանց մոտ նաև վստահության պակաս կա։ «Հիմա մեր խնդիրն է այնպես անել, որ ժողովուրդը հավատա մեզ»,- ասել է Թաթոյանը։