«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, զինվորական ծառայությունը 1.5 տարի դարձնելու իշխանության ամբոխահաճո որոշումն անհավասարության իրավիճակի է հանգեցրել երկու եւ մեկուկես տարի ծառայողների միջեւ։
Տեղեկացանք, որ երկու տարով բանակ զորակոչվածները, որոնք զորակոչվել են այս օրենքի ընդունումից առաջ, ըմբոստանում են ծառայության ընթացքում, նրանց ծնողներն էլ շարունակ բողոքի ակցիաներ են անում կառավարության, ՊՆ-ի մոտ։
Իրավիճակը փոքր-ինչ լիցքաթափելու համար, մեր տեղեկություններով, ՊՆ ղեկավարությունն այդ զինվորներին հավելյալ 5-7 օրվա արձակուրդ է տվել, սակայն դժգոհությունը դրանով չի նվազել: Ծնողները պահանջում են, որ իրենց երեխաներն էլ մեկուկես տարի ծառայեն, սակայն ՊՆ հրամկազմը քննարկել եւ մերժել է այդ պահանջը։