Հայաստանը մտնում է տնտեսական զարգացման բոլորովին նոր շրջափուլ, ինչը կապված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խոշոր գործարարների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք առաջիկայում մեծ իրադարձություններ ենք սպասում, որը կապված է առաջին հերթին TRIPP նախագծի գործարկման հետ, որը էական է նրանով, որ Հայաստանի Հանրապետությունն ի վերջո ամբողջական դուրս է բերելու շրջափակման վիճակից: Բայց, ըստ էության, այսօր էլ է Հայաստանը հաղթահարել շրջափակումը, որովհետև գիտեք, որ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հնարավոր է իրականացնել երկաթուղային բեռնափոխադրումներ և իրականացվում են, բայց ուզում եմ ասել նաև, որ արտահանումներ ևս հնարավոր է իրականացնել երկաթուղով, իհարկե, Վրաստանի տարածքով, մինչ մենք Ադրբեջանի հետ առաջին հերթին TRIPP նախագծի շրջանակներում երկաթուղին կբացենք: Սա շատ կարևոր է և քաղաքական պայմանավորվածությունը հետևյալն է, որ այդ երկաթուղին երբեք չի փակվելու։ Այսինքն՝ դա և՛ ներմուծման, և՛ արտահանման հուսալի ուղի է»,-ասել է վարչապետը։
Վարչապետը նշել է, որ 2018 թվականից մինչ օրս, իրական գնահատականներով, Հայաստանի համախառն ներքին արդյունքը 53%-ի աճ է ունեցել և մեր երկրի տնտեսությունը հասել մի կետի, որտեղ արդեն բիզնես-բիզնես, պետություն-բիզնես, պետություն–աշխատող, աշխատող–գործատու հարաբերությունները պետք է զարգանան նորովի։ Այս առումով, վարչապետը կարևորել է այսօրվա հանդիպումը՝ նմանատիպ հարցեր քննարկելու, գործարարների նկատառումները լսելու համար։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ