Կառավարությունը հավանություն է տրվել «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին
Նախագծով առաջարկվում է վավերացնել Խաղաղության խորհրդի կանոնադրությունը, իսկ օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ըստ հիմնավորման՝ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։ Կանոնադրությունը ստորագրել են նաև մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Արգենտինան, Ադրբեջանը, Հունգարիան, Ղազախստանը, Կատարն ու Թուրքիան։
Նշվում է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը հակամարտություններից տուժած տարածքներում կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է։ Կազմակերպությունը նախատեսում է մշակել և տարածել խաղաղության հաստատման լավագույն փորձը՝ միջազգային իրավունքի շրջանակում։
Ֆինանսների նախարարության գնահատմամբ՝ կանոնադրությամբ նախատեսվում են նաև ֆինանսական պարտավորություններ Հայաստանի համար, ինչը կարող է հանգեցնել պետական բյուջեի ծախսերի ավելացման։
Միաժամանակ, Արդարադատության նախարարությունը հայտնել է, որ փաստաթուղթը չի հակասում գործող օրենսդրությանը և ենթակա է վավերացման՝ Սահմանադրությամբ սահմանված կարգով։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տվյալներով՝ կանոնադրությամբ Հայաստանի համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ չկան։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է համարել կանոնադրության վավերացումը Ազգային ժողովի կողմից։