FlyOne Armenia ավիաընկերությունը շարունակում է ամրապնդել իր առաջատար դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում՝ ընդլայնելով ավիապարկը, զարգացնելով տեխնիկական սպասարկման կարողությունները և նպաստելով Հայաստանի ավիացիոն ոլորտի երկարաժամկետ զարգացմանը։
Սույն թվականի հունիսի 18-ին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի շրջանակում կայացել է FlyOne Armenia ավիաընկերության օդանավերի շքերթը թռիչքուղում։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են ավիապարկը համալրած Airbus A320 և Airbus A321 օդանավերը, իսկ Airbus A321 օդանավն իրականացրել է ցուցադրական թռիչք, որն ուղեկցվել է ջրային կամարի հանդիսավոր արարողությամբ։
Միջոցառման շրջանակում պաշտոնապես նշվել է նաև «Սիլ Տեխնիքս» ընկերության բացումը։ Ընկերությունը հիմնադրվել է եվրոպական ավիացիոն անվտանգության ստանդարտներին համապատասխան և հանդիսանում է Հայաստանում իր տեսակի մեջ եզակի տեխնիկական սպասարկման կենտրոն։
Այն հնարավորություն կստեղծի սպասարկել ինչպես FlyOne Armenia-ի, այնպես էլ այլ ավիաընկերությունների օդանավերը՝ տեղական և եվրոպական ինժեներական ներուժի ներգրավմամբ և եվրոպական ավիացիոն անվտանգության չափանիշներին համապատասխան։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը և նախագահի տեղակալ Ստեփան Փայասլյանը, «SIL Capital» ընկերության հիմնադիր Էդուարդ Սուքիասյանը, ինչպես նաև պետական կառույցների, ավիացիոն ոլորտի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումը կարևոր նշանակություն ունի Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման, ավիապարկի ընդլայնման, տեխնիկական սպասարկման կարողությունների հզորացման և երկրի ավիացիոն անկախության ամրապնդման տեսանկյունից։
Ընկերության ներդրումային ծրագրերի ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար։
Ներդրումներն ուղղված են ավիապարկի ընդլայնմանը, ավիացիոն ենթակառուցվածքների զարգացմանը, սպասարկման որակի բարձրացմանը, ինչպես նաև Հայաստանի ավիացիոն անկախության ամրապնդմանը։
FlyOne Armenia-ի նոր օդանավերը կնպաստեն նաև Հայաստանի տնտեսական աճին, զբոսաշրջության զարգացմանը և շուրջ 300 նոր աշխատատեղերի ստեղծմանը։