ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի տեսել Գագիկ Ծառուկյանի արձագանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։ Վարչապետն այս մասին ասել է ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«ՀԱՊԿ-ի երկրներ էլ շնորհավորել են, օրինակ՝ Բելառուսը։ Օրինակ՝ ես չեմ տեսել, որ նույն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը, որը ջերմ ընկերական հարաբերություններ ունի Բելառուսի նախագահի հետ, կես բառ արտահայտած լինի այդ առիթով»,-ասել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ նույն քաղաքական ուժերը չեն արձագանքել նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին։
«Նույն ուժերը, քանի որ արդեն հրապարակային խոսվել է դրա մասին, նաև Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ են արտահայտվել այդ դիտանկյունից։ Ես չեմ տեսել արձագանք, ինչի՞ չեն արձագանքել և ո՞րն է նրանց դիրքորոշումը»,-նշել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների ներկայացուցիչները չեն մեկնաբանել նաև Ռուսաստանի կողմից Ղարաբաղը Ադրբեջանի մաս լինելու վերաբերյալ հայտարարությունները։
Վարչապետն անդրադարձել է նաև Բելառուսի նախագահի հայտարարությանը, թե ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։
«Բելառուսի նախագահը ուղիղ Ադրբեջան կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ ինքը մասնակցել է 44-օրյա պատերազմի նախապատրաստություններին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը մինչև այդ թեմայով դիրքորոշում չի արտահայտել, թող արտահայտի դիրքորոշումը»,-ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է նաև Լուկաշենկոյի հայտարարությունը՝ թե հայերը, բացի Եվրասիական տնտեսական միությունից, ոչ մեկին պետք չեն։
««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը թող արտահայտվի այդ առիթով»,-հայտարարել է վարչապետը։