Ասում են, որ Վեհափառը պետք է խփի զանգերը եւ պաշտպանության կոչով դիմի հանրությանը:
Ես այս մտքի հետ անհամաձայնությունս հայտնել եմ ոչ վաղ անցյալում, նաեւ հիմա եմ անհամաձայն, չնայած թվում է, թե այլեւս չի մնում այլ բան: Բայց, իսկ ով ի՞նչ պատկեր է ակնկալում այդ զանգեր խփելուց հետո: Ակնկալում է, որ հարրյուր հազարավոր մարդիկ օղակելու՞ են Մայր Աթոռը: Բայց դա՞ է խնդիրը: Խնդիրը Մայր Աթոռի «կղզիացած» պաշտպանություն կազմակերպե՞լն է, թե հասարակական եւ նույնիսկ համահայկական լայնարձակ ընկալումների վրա աշխատելը:
Ես պատմության առանձնապես գիտակ չեմ, բայց կարծում եմ, որ այդուհանդերձ Հայ Առաքելական եկեղեցու գրեթե 2 հազարամյա պատմության անընդհատության գրավականը նաեւ այն, որ եկեղեցին չի շտապել ժամանակի ու տարածության մեջ: Դրանով են տարբերվում թերեւս մեծ, պատմական ինստիտուտները, որպիսին է անկասկած նաեւ ՀԱԵ-ն:
Չշտապել: Հաշվել հնարավորինս շատ քայլեր առաջ, բայց չշտապել: Սա չի նշանակում հանգիստ նստել ու սպասել, մինչեւ գետը կբերի «թշնամու դին», ինչպես չինական խոսքն է ասում: Եկեղեցին ունի շատ անելիք, շատ բաց թողնված ժամանակ: Պետք է զբաղվել դրանով, պետք է մշակել հանրության հետ աշխատանքի նոր բովանդակություն, այո՝ պետք է նաեւ այդ հարցում փոխել գործընկերներ:
Բայց զանգեր խփելը տվյալ դեպքում հավասարազոր է լինելու գլուխը կորցնելուն: Իսկ հիմա՝ գլուխն ամենաթանկն է, այն չպետք է կորցնել, եւ չպետք է կորցնել Հայ Առաքելական եկեղեցու կարեւորագույն հատկանիշը՝ ժամանակի ու տարածության մեծ չափումը: Եթե հաշվարկները մնան այդ շրջանակում, համոզված եմ, թե եկեղեցում, թե Հայաստանի հանրային օրգանիզմում կա բավարար մտավոր ներուժ՝ ընթացիկ, կարճաժամկետ կամ միջնաժամկետ լուծումները գտնելու համար:
Հակոբ Բադալյան@armgeopolitic