❗️❗️❗️Պերմանենտ կապիտուլյացիայի մոդել Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարությունը կատարել է ժողովրդի առաջ ստանձնած իր
«մեծագույն պարտավորությունը»՝ բացել Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան։
2021 թվականի օգոստոսին ընդունված կառավարության ծրագրում
«խաղաղ զարգացման դարաշրջանը» ներկայացվում էր որպես բովանդակային և նպատակային խաղաղություն։
Այն ենթադրում էր ոչ միայն ռազմական գործողությունների դադար, այլև Արցախի հարցի քաղաքական լուծման շարունակություն, անվտանգության համակարգի վերականգնում և պետական շահերի պաշտպանություն։
Այդ ժամանակաշրջանում իշխանության խոսույթում առկա էին Շուշիի և Հադրութի դեօկուպացիայի, ինչպես նաև Արցախի անկախության հնարավոր սցենարների վերաբերյալ ուղիղ կամ անուղղակի ակնարկներ՝ անգամ Կոսովոյի նախադեպի հղումներով։
Այսօր նույն ձևակերպումը գործածվում է արդեն բոլորովին այլ իմաստով։
«Խաղաղությունը» սահմանվում է որպես սահմանային հարաբերական լռություն, որը պայմանավորված չէ ինստիտուցիոնալ համաձայնություններով, իրավական պարտավորություններով կամ միջազգային երաշխիքներով։
Խաղաղության պայմանագիր չկա, սահմանազատման և սահմանագծման գործընթացները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանը շարունակաբար առաջ է քաշում նոր պահանջներ՝ դրանք ուղղակիորեն կապելով պայմանագրի ստորագրման հետ։
Այն հանգամանքը, որ տվյալ պահին սահմանին չեն կրակում, ինքնին խաղաղություն չէ, երբ այդ վիճակը ձեռք է բերվում միակողմանի զիջումների միջոցով։
Այս իրավիճակում հակառակորդը փաստացի ստացել է գրեթե ամեն ինչ(այդ թվում՝ Արցախը) և միաժամանակ պահպանել է նոր պահանջներ ներկայացնելու լիակատար ազատություն։
Փաշինյանի ներկայացրած խաղաղության մոդելը կառուցված է ոչ թե փոխադարձ պարտավորությունների, ուժերի հավասարակշռության և զսպման մեխանիզմների, այլ մշտական նահանջների տրամաբանության վրա։
Սա դասական խաղաղություն չէ, այլ պերմանենտ կապիտուլյացիայի մոդել, որի պայմաններում պետությունը աստիճանաբար կորցնում է իր բանակցային սուբյեկտայնությունը, իսկ հասարակությանը ներկայացվում է
«խաղաղության» անվան տակ ձևավորված քաղաքական պատրանք։
Եթե
«խաղաղ զարգացման դարաշրջան» ասելով նկատի է առնվում պատերազմից հետո ձևավորված իրականության հետ հարմարվելը՝ պետական և ազգային շահերի հաշվին, ապա նման մոտեցումը հնարավոր է ներկայացնել որպես կատարված խոստում։
Սակայն եթե խոստումը վերաբերում էր արժանապատիվ, կայուն և ինստիտուցիոնալ խաղաղությանը, ապա այն ոչ միայն չի իրականացվել, այլ փաստացի փոխարինվել է պերմանենտ կապիտուլյացիայով:
Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇 https://t.me/SurSurenyants Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇 https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-