Էներգետիկ առևտուրը չպետք է բացառություն լինի Հայաստան-Ադրբեջան երկկողմ առևտրից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը՝ պատասխանելով Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի հնարավոր մատակարարման մասին լրագրողի հարցին։
«Ինչ վերաբերում է ընդհանրապես էներգակիրներ կամ էներգիա ներկրելուն ու արտահանելուն, որքան ավելի բաց ճանապարհներ և ավելի շատ հնարավորություններ լինեն տարբեր աղբյուրներից էներգիա ու էներգակիրներ ներկրելու և արտահանելու համար, դա Հայաստանի օգուտն է։
Գազ ու նավթ ներկրելը, էլեկտրաէներգիա արտահանելը՝ էներգետիկ փոխանակությունը, առևտուրը, վաճառքն ու գնումը, ինչպես մյուս բոլոր ապրանքներն ու ծառայությունները, իհարկե, չպետք է բացառություն լինեն երկկողմ առևտրից։ Մենք, օրինակ, էլեկտրաէներգիայի ավելցուկ ունենք, որի սպառման ուղղությունները որոշ սեզոնների նույնիսկ փնտրում ենք։ Գիտեք, որ էլեկտրաէներգիա ենք արտահանում Իրան և Վրաստան»,- ասաց Եղոյանը։