Իշխանություն-եկեղեցի հակամարտության հրադադարի փուլում երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարության նախագիծ է ներկայացրել խորհրդարան՝ առաջարկելով օրենսդիր մարմնին՝ դատապարտող հայտարարություն ընդունել Եկեղեցու եւ հոգեւորականության դեմ տարվող քաղաքականության վերաբերյալ։ Մի քանի էջանոց հայտարարության նախագծում մասնավորապես առաջարկում են արձանագրել․ «Պետություն-կրոնական կազմակերպություններ հարաբերություններում հիմնարար են չմիջամտելու սկզբունքը, խղճի ու կրոնի ազատության երաշխիքները եւ կրոնական համայնքների ինքնավարության ապահովումը»։ Ինչպես նաեւ արձանագրել, որ անթույլատրելի է եկեղեցական ծեսերի իրականացմանը պետական միջամտությունը, այդ թվում՝ Վեհափառի անվան հիշատակումը զեղչելը, հոգեւոր իրավիճակին եւ ներքին կարգապահական որոշումներին վերաբերող վեճերի դատական քննությունը եւ այլն։