Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների հետ շփումներում Թեհրանը փոխըմբռնման է հասել այդ երկրների ուղղությամբ արձակված ԱԹՍ-ների և հրթիռների հետ կապված իրավիճակի հարցում։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ին Իրանի դեմ գրոհներ կատարելու հարցում օգնող երկրները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար: Այս մասին նա ասել է մամուլի ասուլիսում։
«Ցանկացած երկիր, որը որևէ կերպ օգնում կամ մասնակցում է (Իրանի դեմ հարձակումներին), պետք է պատասխանատվության ենթարկվի: Բոլոր երկրները պետք է իմանան, որ ցանկացած համագործակցություն ԱՄՆ-ի հետ նրա հանցագործությունների կատարման գործում պետք է հանգեցնի պատասխանատվության», — մեջբերում է նրա խոսքն Իրանի Fars գործակալությունը։
Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ամբողջ հակամարտության ընթացքում Իրանը ոչ մի զինամթերք չի արձակել Ադրբեջանի կամ Թուրքիայի ուղղությամբ։
«Մենք ուղղակիորեն հայտարարել ենք, որ Իրանի կողմից ոչ մի զինամթերք չի արձակվել Ադրբեջանի կողմը, և կարծում եմ, որ բանակցությունները, որոնք կայացել են երկու նախագահների և արտաքին գործերի նախարարների միջև, հարթել են թյուրըմբռնումները։ Ինչ վերաբերում է Թուրքիային, իրավիճակը եղել է նույնը. մենք պարզորոշ հայտարարել ենք, որ մեր կողմից ոչ մի արձակում չի եղել, ուստի կարծում եմ, որ երկու երկրների միջև փոխըմբռնում կա, իսկ առաջացած հարցերը կարգավորվել են բանակցություններից հետո», — ասել է Բաղային։
Նա նաև հայտնել է, որ Իրանն Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության կանոնակարգերի մշակման հարցը։
«Որոշվել է բանակցություններ սկսել Օմանի՝ որպես ևս մեկ երկրի հետ, որը ելք ունի դեպի Հորմուզի նեղուց: Նպատակն է եղել քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկության արձանագրությունն ու կանոնակարգը: Բանակցությունները տեղի են ունեցել արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով: Կարծում եմ, որ կհասնենք արդյունքի», — ասել է նա: