Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հայտարարել է, որ Հայաստանի և Իրանի միջև TRIPP ծրագրի շուրջ փոխըմբռնում կա։
Սարգիս Խանդանյանն այդ մասին ասել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Հայաստանի և Իրանի միջև TRIPP-ի շուրջ փոխըմբռնում կա, և ես չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է մտահոգվել, որ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունները կարող են ազդել այս ծրագրի իրագործման վրա»,- ասաց Խանդանյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի շահագրգռվածությունն այն է, որ տարածաշրջանում հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի։
«Ինչ վերաբերում է Իրան-ԱՄՆ հարաբերություններին, իհարկե, մեր շահագրգռվածությունն այն է, որ հնարավորինս արագ խաղաղություն հաստատվի, և մեզ մեծ հույս էին ներշնչել այն բանակցություններն ու պայմանավորվածությունները, որոնք մի քանի ամիս առաջ տեղի ունեցան Իրանի և Միացյալ Նահանգների միջև, և., կարծես, ձևավորվել էր խաղաղության պլան։ Հույս ունենանք, որ այդ պլանը կիրագործվի»,- նշեց Խանդանյանը։
Անդրադառնալով TRIPP-ի շրջանակներում երկաթգծի կառուցման հարցին ԱՄՆ-ի և Իրանի միջև լարված հարաբերությունների համատեքստում՝ Խանդանյանն ընդգծել է, որ երկաթգծի կառուցումը Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններից կախված չէ.
«Երկաթգծի հարցը օրակարգում է։ Այս պահին ուսումնասիրվում է տեղանքը, դրա իրագործելիությունը, և երբ ուսումնասիրություններն ու տեխնիկական զննություններն ավարտվեն, կսկսվի շինարարությունը։ Ես այստեղ քաղաքական խոչընդոտ չեմ տեսնում»,- ասաց Խանդանյանը։