Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնեց, որ քաղաքի թիվ 3-րդ դպրոցը, որն ունեցել է սեյսմակայունության հետ կապված խնդիրներ, կքանդվի և հիմնովին կկառուցվի նոր տեղում։
Քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետին հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը ժամանել էր Սևան և խոստացել, որ թիվ 3-րդ դպրոցը կվերանորոգվի։
«Եթե տրվում է շինությունը նորոգելու հրահանգ, կատարվում են չափագրական աշխատանքներ։ Եթե լինում են խնդիրներ, ապա որոշվում է դպրոցը կառուցել նոր տեղում։ Նոր շենք կառուցելու համար իրականացվում են նաև գեոդեզիական աշխատանքներ։ Անմիջապես ձեր դպրոցի նորոգման խնդիրներով սկսել են զբաղվել և պարզվել է, որ շենքը սեյսմիկ կայունության հետ կապված խնդիրներ ունի, հետևաբար պետք է քանդել և զրոյից նորը կառուցել։ Սևան քաղաքի 3-րդ դպրոցն ընդգրկված է վերականգնվող 300 դպրոցների ծրագրում և նոր տեղում անպայման կկառուցվի»,- ասաց Փաշինյանը։