Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասել է Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։
«Երկու օր առաջ Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր եկել և հարց էր զեկուցում։ Եվ 2000… չեմ հիշում որ՝ 5-6, գուցե, 10, 15 կամ որևէ թվականին Հայաստանում տարաբնակեցման ծրագիրը հաստատելու գործընթաց է տեղի ունեցել, և կցված են փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության կառավարության փաստաթղթերը, որտեղ Հայաստանի Հանրապետությունից արևելք սահմանները սահմանագծված են այնպես, ինչպես մենք արձանագրել ենք խաղաղության նախաստորագրված համաձայնագրում ([խմբ. նկատի ունի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը), իսկ դրանից արևելք մեծ տառերով գրված է՝ Ադրբեջան։ Դա Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական փաստաթուղթն է։ Սա այնքան ակնհայտ բան է։ Մեր խնդիրն ի՞նչ է, որ, ըստ էության, Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդից թաքցվել է իրողությունը։ Ինչո՞ւ է թաքցվել իրողությունը, ինչո՞ւ է թաքցվել 1996 թվականի Լիսաբոնի գագաթնաժողովի իրողությունը։ Հիմա էլ փաստաթղթերն ամբողջությամբ հրապարակված են։ Ինչո՞ւ աղմուկ-աղաղակ չկա այդ փաստաթղթերի մասին, որովհետև ամեն ինչ հրապարակված է, և ամբողջ ճշմարտությունը դրված է ժողովրդի առաջ, բայց այդ ճշմարտությունը դեռ ունի զարգանալու տեղ, որ այդ պատմությունը ընդամենը եղել է Հայաստանի՝ անկախ պետություն լինելը թույլ չտալու մասին։ Եվ այդ գործընթացը ղեկավարել են Լևոն Տեր-Պետրոսյանը, հետո Ռոբերտ Քոչարյանը, հետո Սերժ Սարգսյանը հիմա էլ նրանց հարակից ռուսաստանա-բելառուսական օլիգարխներին են բերել՝ հասկանալով, որ իրենց քարտը մարված է»,- հայտարարել է Փաշինյանը։