ԲԿ-ների տնօրեններին մարզերից բերել անիմաստ հասցրել են Երևան, որ մի նախադասություն փոխանցեն
MakaryanNews-ի տեղեկություններով` Առողջապահության նախարարությունն այսօր 15:30-ին Հայաստանի բոլոր պետական բուժհաստատությունների ղեկավարներին հրավիրել էր նախարարություն` մասնակցելու լիցենզավորման հանձնաժողովի նիստին, որտեղ իբրև թե պիտի քննարկեին ԲԿ-ների լիցենզավորման հարցը:
Բոլոր մարզերից, այդ թվում` հեռավոր մարզերից ԲԿ-ների տնօրենները մի քանի ժամ ճանապարհ են կտրել-անցել, որ շտապ հասնեն նախարարություն` քննարկման, սակայն վերջում պարզվել է` անիմաստ են եկել:
Մեզ ասացին` նախարարության դիմաց հավաքված տնօրեններին մի կին է մոտեցել և լիցենզավորման հանձնաժողովի անունից ընդամենը փոխանցել, որ հիվանդանոցային բուժհաստատությունների լիցենզիան գործում է մինչև սույն թվականի հունիսի 16-ը, իսկ արտահիվանդանոցայիններինը` մինչև դեկտեմբերի 16-ը:
Հավաքվածները զարմացել են, թե այս մի նախադասություն ասելու համար, որ կարող էին նաև գրավոր ծանուցել, ինչու՞ են իրենց գործից կտրել ու, ասենք, Սյունիքի մարզից բերել-հասցրել Երևան: Որոշները, ամեն դեպքում, բարձրացել են նիստին, իսկ մեծ մասը քոռ ու փոշման հեռացել է` մի ամբողջ օր անիմաստ կորցնելով: