Օմանի Սուլթանության մայրաքաղաք Մասկատում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է արաբական երկրներում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը:
Այս մասին հայտնում է ԱԳ նախարարությունը՝ մանրամասնելով, որ հավաքին մասնակցել են նաև Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերությունները համակարգող փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱԳՆ կենտրոնական ապարատի դիվանագետներ:
Նշվում է, որ քննարկման թեմաներից են եղել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային զարգացումների հիմնական միտումները։
Հաղորդվում է, որ ՀՀ դեսպանները ներկայացրել են հավատարմագրման երկրներում առկա իրողություններն ու առանձնահատկությունները: Կայացել է մտքերի փոխանակում իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ:
ԱԳ Նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել տարածաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական գերակայությունների կյանքի կոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներին, գործընկերությունների հետագա զարգացման հարցում ՀՀ մոտեցումներին:
Հաջորդիվ քննարկումները շարունակվել են Մերձավոր Արևելքում իրավիճակի սրումից ի վեր տարածաշրջանի երկրներում գտնված ՀՀ քաղաքացիներին հետաքրքրող հարցերի, այդ թվում՝ ՀՀ նրանց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքների շուրջ, որոնց կանդրադառնանք լրացուցիչ։