Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, իր հարցազրույցում շատ կարեւոր ու մարդկային կողմեր է շոշափում մեր գերիների եւ նրանց ընտանիքների հետ կապված: — Առաջիկա օրերին Երեւանը կարեւոր միջազգային հանդիպումների հարթակ է դառնալու։ Հնարավորություն տեսնո՞ւմ եք բարձրաձայնելու հայ գերիների հումանիտար հարցը ոչ թե որպես քաղաքական թեմա, այլ իբրեւ իրենց հարազատներին սպասող ընտանիքներին հուզող խնդիր։
— Այո՛, ես տեսնում եմ այդ հնարավորությունը։ Բայց ինձ համար դա ոչ թե քաղաքական հնարավորություն է, այլ առիթ՝ զրույցի թեմա դարձնել կոնկրետ մարդկանց։ Երբ Երեւան են գալիս այնպիսի երկրների առաջնորդներ, ովքեր խոսում են խաղաղության, կայունության եւ վստահության մասին, կարեւոր է, որ այդ մեծ բառերի կողքին չկորչեն նրանք, ովքեր արդեն գրեթե երեք տարի բաժանված են իրենց ընտանիքներից։
Այսօր հայ գերիների ընտանիքները քաղաքական ժեստի մասին չեն խնդրում։ Մենք խնդրում ենք մեր հարազատներին տեսնելու հնարավորություն ընձեռել։ Համոզվելու, որ նրանք ողջ են, որ նրանց հետ արժանապատիվ են վարվում, որ նրանք մոռացված չեն։
Ես մեծ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կբարձրացնի այս հարցը առաջիկա հանդիպումների ժամանակ։ Ոչ թե մեղադրանքների տեսքով, ոչ թե հակամարտությունը սրելու համար, այլ որպես հումանիտար հարց։ Ես համոզված եմ, որ առանց ռազմագերիների հարցի լուծման տարածաշրջանում խաղաղության հասնել հնարավոր չէ։
Ընտանիքի համար սպասման յուրաքանչյուր օրը վերացական ժամանակ չէ։ Դա մի օր է, երբ երեխան մեծանում է առանց հոր, կինն ապրում է առանց ամուսնու, տարեց ծնողները սպասում են զանգի, իսկ անազատության մեջ գտնվող մարդը չգիտի՝ արդյոք նորից կտեսնի՞ իր հարազատներին։
Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրը, որը կարեւոր տոն է Հայաստանի համար, պետությունը ցույց կտա իր ռազմական ուժը եւ կխոսի քաղաքացիների առջեւ հաշվետվության մասին։ Այդ հաշվետվության մեջ պետք է տեղ գտնվի նաեւ այն քաղաքացիների համար, ովքեր այսօր գտնվում են գերության մեջ։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր ծառայել են իրենց երկրին, սպաներ, մարդիկ, ովքեր անտարբեր չեն եղել Հայաստանի ճակատագրի նկատմամբ։ Կարելի՞ է նման օրը խոսել միայն ուժի մասին եւ չխոսել նրանց մասին, ում այդ ուժը պետք է պաշտպանի։ Ինձ համար սա արարողակարգի հարց չէ։ Դա ինքներս մեր առջեւ ազնիվ լինելու հարց է։
Ես կցանկանայի դիմել նրանց, ովքեր մասնակցելու են առաջիկա միջազգային հանդիպումներին. խնդրում եմ, այս թեման մի՛ ընկալեք որպես մեծ քաղաքականության անհարմար «հավելված»։ Նման հարցերը ցույց են տալիս, թե որքանով ենք մենք իրականում պատրաստ խաղաղություն կառուցել ոչ միայն պետությունների, այլեւ մարդկային ճակատագրերի մակարդակով։
https://mediamax.am/am/news/society/60723/