Վաղ առավոտից ծանոթանում եմ առողջապահության պարտադիր ապահովագրության հետ կապված արդեն հասանելի տեղեկատվությանը ու բոլոր այն մտահոգությունները, որոնք մինչ այս պահը արտահայտել ենք, հաստատվում են, դեռ մի բան էլ ավել։
Սա կոմունիստական ինչ-որ անհասկանալի համակարգ է, որը զրկում է քաղաքացուն ընտրության հնարավորությունից, զրկում է քաղաքացուն իր նախընտրելի բժշկական հաստատությունում կամ նախընտրելի բժշկի մոտ ծառայություն ստանալու հնարավորությունից, քաղաքացու կյանքը միայն ավելի բարդ է դարձնում` ստիպելով ամեն ինչ կազմակերպել պոլիկլինիկա կոչվածների միջոցով, իսկ թե ինչ որակ ու գիտելիք ունենք մենք պոլիկլինիկաներում, գաղտնիք չէ։
Ստիպում են վճարել գումար, բայց իրենք են որոշում, թե դու որտեղ գնաս հետազոտություն անցնես, ինչ բժշկի մոտ գնաս։ Գնանք պոլիկլինիկա, որ ի՞նչ անենք։ Որ ի՞նչ անենք։
Ովքեր մինչ այս օգտվել են մասնավոր ապահովագրականներից, զուտ իմացեք, որ ձեզանից քերում են նույն գումարը, բայց զրկում ընտրության հնարավորությունից ու այն, ինչ ստացել եք ձեր ընտրությամբ ու ցանկությամբ որևէ բժշկական հաստատությունում, այսուհետ ստանալու եք տարածքային պոլիկլինիկայում։
Ընդամենը շաբաթներ ու ամիսներ անց, երբ քաղաքացիները ինչ-որ խնդրով հիվանդանոց գնալու հարց կունենան, այդ ժամանակ կհասկանան, թե ինչ փորձանք է եկել իրենց գլխին։