Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ավելի վաղ իր կողմից Ռուսաստանին ներկայացված առաջարկին՝ հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը փոխանցել որևէ երրորդ երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը 2026 թվականի փետրվարին այդպիսի առաջարկ էր ներկայացրել ռուսական կողմին՝ դա հիմնավորելով այն հանգամանքով, որ ՌԴ-ի կողմից հայկական երկաթուղային ցանցի կառավարման պայմաններում Հայաստանը զրկվում է իր մրցակցային առավելություններից, քանի որ կան երկրներ, որոնք հրաժարվում են Հայաստանի երկաթուղային ցանցից օգտվելու հեռանկարից այն պատճառով, որ այն կառավարվում է Ռուսաստանի կողմից։
Մարտի 26-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում լրագրողներից մեկը հետաքրքրվեց՝ արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են տեղեկությունները, որ քննարկումներ կան Հայաստանի երկաթուղային ցանցը ղազախական կողմի կառավարմանը հանձնելու վերաբերյալ։
«Մենք դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսաստանի միջև կա փոխըմբռնում, որ ղազախական ընկերությունը ընդունելի է երկուսիս համար։ Այժմ բանակցությունները ընթանում են մի փոքր այլ կերպ, քանի որ ռուս գործընկերները դեռ չեն ասել՝ «լավ, եկեք անենք դա»։ Նման գաղափարներ գոյություն ունեն, բայց դրանք դեռ պարզապես թևածող գաղափարներ են», — «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է վարչապետը։
Փաշինյանը նաև հայտնել է, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հայաստանի երկաթուղու հետ կապված հարցին անդրադարձ եղել է, սակայն նշեց, որ այդ առումով նորություն չկա, աշխատանքային գործընթաց է, որը շարունակվում է։