«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ բոլոր իրավական գործընթացների ավարտից հետո ընտրությունների լեգիտիմությունը կընդունվի։
Ղազարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հարցին։
Լրագրողը հիշեցրեց Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունները, որոնցում վերջինս կասկածի տակ է դրել Հայաստանում կայացած ընտրությունների լեգիտիմությունը։
Ալխաս Ղազարյանի խոսքով՝ պետք չէ չափազանց մեծ ուշադրություն դարձնել, թե որ երկրներից են հնչում նման հայտարարությունները։ Նա ընդգծեց, որ շատ երկրներից Հայաստանն արդեն ստացել է շնորհավորանքներ։
«Մենք գիտենք, թե ինչքան մեծ խումբ երկրներից արդեն ստացել ենք շնորհավորանքներ՝ նույնիսկ առաջին իսկ օրերից սկսած, և բոլորն էլ ճանաչել են ընտրությունների լեգիտիմությունը»,-ասաց Ղազարյանը։
Պատգամավորը նշեց, որ ընդդիմադիր դաշտն ունի իր գնահատականները ընտրությունների վերաբերյալ և պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան։ Նրա խոսքով՝ պետք է սպասել, թե ինչ հայցեր կներկայացվեն և ինչ որոշումներ կկայացվեն։
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ